Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Armlur.ORG™

Երեքշաբթի, 24.04.2018, 09:32
мета-тэг
Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 10 » ՀՄ…
12:10
ՀՄ…
ՀՄ…
Հետաքրքիր է, ուրիշ ազգերն էլ ունեն այս երևույթը (քանի որ ՙՀՄ՚-ը սոսկ բառ չէ, այլ` մի ամբողջ արտահայտություն` բառիս բոլոր արտահայտիչ իմաստներով, շատ հաճախ` վերաբերմունք, իսկ երբեմն նույնիսկ` տեսակետ:
Քո ամբողջ էությունը, հպարտությունդ ու արհամարհանքդ (այս երկուսը համարիր, թե հոմանիշներ են), մեկ-մեկ էլ, դե, ներողամտությունդ դնում ես այդ երկու տառի մեջ, սրընթաց շեշտելով անկրկնելի գաղտնավանկն ու վեհորեն բարձրացնելով մեկ ուսդ:
Ցավոք, որոշ մարդկանց համար ՙհմ՚-ը դարձել է… կենսակերպ. ոմանց համար` զենք, այլոց համար` զրահ: Չգիտեմ էլ՝ որոնց համար առավել ցավեմ… ՙողբամ՚ չասեմ, դրանից արդեն մեծն պատմիչն է հոգնել:
Եթե չարհամարհես՝ հետդ հաշվի չեն նստելու, եթե չոտնահարես՝ քեզ են ստորացնելու, եթե վերևից չնայես՝ չեն նկատի, եթե չմեծամտանաս՝ չեն գնահատի... (ՙէդ էր պակաս՚, ՙդո՞ւ ով ես՚, ՙսա՞ ով է՚. շեշտվում է ոչ թե հարցական, այլ՝ անձնական դերանունը):
Ու գոյանում է մի անվերջ մրցավազք՝ ում քիթն է ավելի վեր, ով է ավելի սուր ռեպլիկներով մյուսին ՙաննկատ՚ ստորացնում... Ու մինչև չստորացնես, չջնջես՝ առաջ չես գնա: Ու բարձրանալու համար քո բնական սանտիմետրերը չեն հերիքում, քեզ կենդանի պատվանդան է պետք, մասնավորապես՝ քո բաժնի աշխատակիցներից: Մանավանդ բնական-բնատուր բարձրահասակին պետք է միշտ կռացած պահել, քանի որ ինչքա՛ն էլ ոտնաթաթերիդ վրա կանգնես, բալետի պարուհու նման ճիգեր անես, բավական է, որ ՆԱ մի անգամ միայն ուսերը շտկի, ու քո գաճաճությունը երևան կգա: Ինքնաբավություն չկա, ամեն ինչ՝ու ամեն ոք՝ միմիայն համեմատության մեջ, դու սիրուն ես՝ մյուսի անխնամ մազերի ֆոնի վրա (թող ներվի օտարահունչ բառ գործածելս), խելացի ես՝ մյուսի միամիտ-ուղղակի հարցերի ֆոնի վրա, քանի որ դու երբեք չիմացածդ ուղղակի չես հարցնում ու անտեղյակությունդ ի ցույց չես դնում, հմտորեն քողարկում ես ու այնպիսի եռանդով ու այնպես նրբորեն ես վիճում, որ... վերջին խոսքն անպայման քոնը լինի: Այո, դու բարձր ես ոչ թե էությամբ, բացարձակապես, այլ՝ համեմատաբար, քանի դեռ քեզնից բարձրը չկա: Հայտնվելուն պես, քանի դեռ նորեկ է, ամեն ինչ արա, որ ջնջես, հպատակեցնես քո ամենազոր կամքին:
Ու պետք չէ ձգտել ավելիին, սովորել-աճել-զարգանալ-աճել-սովորել-զարգանալ, կատարելագործվել՝ որպես մասնագետ, որպես մարդ, որպես հայ... Բավական է միայն բոլորից վեր տնկել քիթն ու, օգտագործելով քեզ բաժին ընկած մի պատառիկ իշխանության զորությունը՝ աննկատ խանգարել ուրիշների աճը: Ճկուն դիվանագիտություն, որը զարմանալիորեն լայն, անհավատալի լայն տարածում ունի:
Ու եթե չունես այն որպես զենք, քանի որ քեզ չեն զինել, այլ՝ կրթել են, ստիպված ես գոնե որպես վահան գործածել: Եթե չես հասկանում ու ցարդ չես հասկացել՝ ինչո՞ւ, ո՞ւմ դեմ՝ զենք, ումի՞ց՝ վահան, չէ՞ որ բոլորս նույն գործի համար ենք շահագրգիռ, ուրեմն՝ շատ շուտով քո շահագրգռվածությունն ավելորդ կդիտվի...
Կոլեկտիվում՝ ուսանողական, աշակերտական, աշխատավորական, մտավորական, ընկերական, ընտանեկան... ա մ ե ն ու ր...
Մի չնչին միջադեպ. գրկիդ երեխային քնքուշ բառեր ասելով մոտենում են ու սկսում համբուրել: Բացատրում ես, ԽՆԴՐՈՒՄ, որ չհամբուրեն՝ ինքդ ամաչելով, ավելի ճիշտ, ինչպես ժողովուրդն է ասում՝ անհարմար զգալով... ախր, ինքներդ ավելի վաղ եք երեխա ունեցել, գիտեք, որ ամեն մի մանրուք կարող է ճակատագրական լինել՝ մի մանրէի պատճառով... դարձյալ բախվում ես ամենազոր ՙհմ՚-ին. ՙհը՜մ. շատ պե՜տքս է քո երեխան՚:
Ուզում եմ, որ չվիրավորվես, որ այդքան շուտ իմ երեխայից ՙչհիասթափվես՚, եթե իրոք սիրել ես նրան, ու այդքան, թող ներվի, կեղծ գորովանք չցուցադրես, եթե չես սիրել:
Ուզում եմ, որ ասածներիս մեջ ՙհետին միտք՚ չփնտրվի ու, ավաղ, չհորինվի, որ ետևից չասեն՝ ՙղարաբաղցի է, չէ՞՚ կամ՝ ՙմարդը ռուս ա՚, իսկ դիմացից՝ ՙբա որ մարդդ ռուս ա, ինչի Ռուսաստան չեք գնում՚:
Որովհետև բնիկ երևանցի է՝ ինչպես ամեն մի հայ սիրում է շեշտել իր՝ բնիկ տվյալ ՔԱՂԱՔԻՑ լինելը (նույն հպարտությամբ տառապում ենք նաև ստեփանակերտցիներս): Որովհետև ծնվել-ապրել-սիրել-սովորել-սիրվել-աշխատել է ԱՅՍՏԵՂ:
Բա, մենք պատրաստվում ենք մեկնել այստեղից: Ո՞ւր: Դե, Ռուսաստան: Ինչո՞ւ: Դե, այնտեղ ավելի լավ է: Ի՞նչն է ՙավելի լավ՚, ի՞նչ է ՙավելի լավ՚-ը: Դե, ընդհանուր մակարդակը (կենսա~, ուղեղա~, բարոյա~ և այլն): Հետո՞ ի՜նչ: Դե, երեխաները դպրոց պիտի գնան, որ ավելի մակարդակով լինեն:
ՙԴե...՚: Ամաչկոտ, բայց՝ հավակնոտ: Բայց գոնե՝ ամաչկոտ:
Արդեն երկրորդ տարին է՝ բնակվում եմ (դու ճիշտ ես նկատել, ես ջնջեցի ՙապրում եմ՚ բառն ու ուղղեցի՝ ՙբնակվում եմ՚) Երևանում, հանդիպել եմ ամենատարբեր զբաղմունքի, մասնագիտության, ի վերջո՝ ՙմակարդակ՚ ասվածի տեր (դարձյալ ճիշտ նկատեցիր, խուսափում եմ ՙխավ՚ բառից) անձանց ու լսել եմ նույնը՝ ԱՅՍՏԵՂ ՄԱԿԱՐԴԱԿ չկա: Այսքան բազմա-մեծա-տառերի մեջ՝ խեղճ ու մոլոր երեք փոքրատառ՝ չ կ ա: Գիտեմ, որ նույնն են ասում ու ՄՏԱԾՈՒՄ նաև նրանք, ում չեմ հանդիպել և չեմ հանդիպելու:
Բոլորս, յուրաքանչյուրս, ամեն մեկս՝ առանց բացառության, անխտիր, ավելի բարձր մակարդակի տեր ենք, ու այս անմակարդակ, Զամբիային հավասար կամ մի քիչ զանազանվող երկիրը մեր տեղը չէ, մեզ նեղ է, մենք լա՛՛՛՛՛յն տեսա~մտա~բարոյաեզր ունենք, գնանք ՏԻեզերք պեղենք:
Մի՞թե այսքա՛՛ն շա՛՛՛՛տ, բազմամակարդակ հայերս ի վիճակի չենք բարձրացնելու մի փոքրիկ Հայաստանի մակարդակը: Ախր, մենք շատ ենք, իսկ Հայաստանը՝ մեկը
Հմ... Դե որ այդքան հերոս ես՝ մնա, կերտիր քո հայրենի եզերքը: Ինչո՞վ ես հպարտանում: Դարձյա՞լ՝ հպարտանում: Այս մասին խոսք հնչե՞լ է: Դե, տեսնում ես, նույնիսկ չես հպարտանում, որ հայ ես:
Այո, հայ եմ: Ու 88-ին, երբ դեռ երեխա էի, նույնպես ամպագոռգոռ հնչեցնում էի՝ ՀՊԱՐՏ ԵՄ: Ու դեռահասի՝ ամեն ինչ հակադրող-համադրող ուղեղում անկոչ-աներես պտտվում էր՝ ՙքեզ ո՞վ ասաց՝ հա՜յ ծնվեիր՚ (Շիրազով էի տարված) տողը:
Հպարտ եմ, որ հայ եմ: Քանզի չկա ուրիշ ազգ՝ ավելի վեհ, քաջարի, խելացի... մի խոսքով՝ ԱՎԵԼԻ, քան՝ հայը: Հպարտ եմ, որ ղարաբաղցի եմ: Քանզի չկա ուրիշ երկրամաս ավելի վեհ, քաջարի, խելացի զավակների, քան՝ Ղարաբաղը: Հպարտ եմ, որ իմ ծնողների զավակն եմ: Քանզի չկան ուրիշ ծնողներ՝ ավելի սիրող, նվիրված, խելացի և ուժեղ, քան՝ իմ հայրն ու մայրը: Ու՝ անպայման պիտի հպարտանամ իմ զավակով, քանզի նա պիտի կռվի ու զոհվի հանուն իր ազգի, իր երկրամասի, իր ծնողների:
Հիմա՝ տարիների (ինչու չէ, նաև՝ պատերազմի ու հետպատերազմյան տարիների) դասը ուսանած՝ ասում եմ. երջանիկ եմ, որ հայ եմ, քանզի՝ սիրում եմ ԻՄ ազգը: Երջանիկ եմ, որ ղարաբաղցի եմ, քանզի՝ սիրում եմ իմ երկիրը: Երջանիկ եմ, որ իմ ծնողների զավակն եմ, քանզի՝ սիրում եմ իմ հորն ու մորը: Երջանիկ եմ, որ իմ զավակի մայրն եմ ու... չեմ ուզում, որ նա կռվի ու զոհվի՝ հանուն... ուզում եմ, որ ապրի ու աշխատի հանուն՝...
Չեմ ուզում, որ իմ երեխան դեգերի օտարության մեջ ու ՀՊԱՐՏ լինի, որ հայ է:
Ուզում եմ, որ իմ երեխան ապրի ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ու ԵՐՋԱՆԻԿ լինի, որ հայ է:
Չեմ ուզում, որ իմ երեխան հպարտանա իր ծնողներով: Ուզում եմ, որ սիրի մեզ ու ԵՐՋԱՆԻԿ լինի ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ: Սիրի ԻՐ երեխաներին ու ԵՐՋԱՆԻԿ լինի ԻՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ:
Երջանիկ եղեք: Հայ լինելով: Հայաստանում:

Հ.Գ. Իսկ հիմա փորձեք իրար հանգուցել իմ պատմության երկու մասերը:

Անուշ Հովակիմյան
03-06.11.2014թ.
Կատեգորիա: Ազատ հարթակ | Դիտումներ: 870 | Ավելացրեց: Anush | - Վարկանիշ -: 5.0/3
Նյութը հեղինակային իրավունքով պատկանում է այն www.armlur.org կայքում տեղադրող օգտատիրոջը և/կամ այն անձին որտեղից օգտվել է օգտատերը: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:

«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան
«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան

Pepsi??!!!??
Pepsi??!!!??

Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը
Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը

Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)
Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)

Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին
Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին


ՀՄ…


Однако...


Одиночество

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]